«Շորս իջեցրի, որ համոզվեն». Սվետլանայի պատմությունը նվաստացման և տրավմայի մասին
35-ամյա Սվետլանայի (անունը փոխված է) համար առաջին ծննդաբերությունը մնացել է որպես ծանր հիշողություն՝ չմոռացվող ցավ, մղձավանջ և անդառնալի ափսոսանք։
«Ծննդաբերությանը՝ բոլոր դժվարություններով հանդերձ, հոգեբանորեն պատրաստ էի։ Բայց պատրաստ չէի, որ այդ ամենը մի կերպ հաղթահարելուց հետո ինձ ուղղակի տանջելով սկսելու են կարել՝ առանց որևէ ցավազրկման։ Հիմա, երբ ասում են ծննդաբերություն, միայն դա եմ հիշում»,- պատմում է Սվետլանան։
Հղիության ամբողջ ընթացքը նորմալ էր անցել, իսկ հսկող բժշկուհուն նա մինչ օրս գոհունակությամբ է հիշում։ Խնդիրները սկսվեցին հենց ծննդատան դռներից։ Ծննդաբերական գործընթացը մեկնարկել էր անսպասելի՝ առանց ցավերի, պտղաջրերի արտահոսքով։ Սվետլանան հասցրել էր միայն վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակն ու շտապել հիվանդանոց։
«Չէին հավատում, որ պտղաջրերս են հոսում, ասում էին՝ «ճիշտ չես զգում»։ Ինչ-որ սենյակում, որտեղ բժիշկներ ու քույրեր էին նստած, ինձ ասացին շորերս իջեցնել ու կքանստել, որպեսզի համոզվեն։ Միայն դրանից հետո նրանցից մեկը բղավեց. «վա՛յ, ճիշտ ա ասում…»։ Դրանից հետո նոր տարան ծնարան։ Մարդկային առումով ինձ շատ նվաստացած էի զգում։ Բացվածք չունեի, երեք ժամ սպասելուց հետո միացրին կաթիլային, որպեսզի արհեստականորեն ցավեր առաջանան»,- վերհիշում է նա։
Գիշերային հերթափոխի ընթացքում 21-ամյա կինը ստիպված էր պարբերաբար արթնացնել բուժքույրերին՝ խնդրելով ստուգել բացվածքը։ Ծնունդն ընդունող բժիշկը նույնպես քնած էր և միայն մեկ անգամ էր մոտեցել։
«Իրենց պահվածքից հասկանում էի, որ մարդիկ ուզում էին քնել ու նեղվում էին, երբ արթնացնում էի։ Ծննդաբերեցի առավոտյան ութն անց քառասուն։ Անուժ էի, անգամ ուժ չէի կարողանում տալ։ Նախորդ օրվանից ոչինչ չէի կերել, ուժերս սպառված էին, ես՝ սարսափած։ Բայց վատթարագույնը դեռ առջևում էր»,- պատմում է նա։
Սվետլանայի կողքի ծննդկանը համեմատաբար հեշտ էր ծննդաբերել։ Նա նույնպես պատռվածքներ էր ունեցել, բայց կարելիս լուռ էր։ «Երբ ավելի ուշ հարցրի՝ արդյոք չէր ցավում, ասաց, որ իրեն ցավազրկել էին։ Զարմացած էի. փաստորեն հնարավոր էր ցավազրկել, մինչդեռ ինձ ոչ ոք դրա մասին չէր ասել։ Ես ցավի նկատմամբ չափազանց զգայուն եմ։ Կարելու ընթացքում ինձ թվում էր՝ մահանում եմ։ Ամառ էր, պատուհանները՝ բաց։ Մայրս ու սկեսուրս բակում կանգնած մեքենայից լսել էին իմ ձայնը։ Կես ժամ շարունակ անտանելի ցավից ճչում էի»։
Հաջորդ օրը հերթապահ բուժաշխատողներից մեկը, տեսնելով նրա ծանր վիճակը, ակնարկել էր, որ նախորդ հերթափոխը շտապում էր ծնունդն ընդունել իրենց հերթապահության ժամանակ՝ «մաղարիչը» չկորցնելու համար։
«Դա ինձ համար բացարձակ անընդունելի էր։ Այդ մի քանի տուփ կոնֆետն ու կոնյակը մենք բոլորին էլ կտայինք։ Դրա համար չի կարելի մարդուն նման տանջանքների ենթարկել։ Երբ կարում էին, սրտիս զարկերն ամբողջ մարմնովս էի զգում՝ ձեռքերիս, ոտքերիս երակներում։ 35 տարեկան եմ, բայց երբեք նման սարսափելի զգացողություն չեմ ունեցել»,- ասում է Սվետլանան։
Տուն գնալու ճանապարհին բժիշկների դրած ներծծվող կարերը քանդվել էին, ինչի պատճառով հետծննդաբերական վերականգնումը տևել էր ամիսներ։ Անգամ տարիներ անց նա շարունակում է ֆիզիկական անհարմարություն զգալ։ Սակայն ամենախորը հետքը թողել էր հոգեբանական տրավման.
«Երեք տարի շարունակ միայն այն մտքից, որ կարող եմ նորից հղիանալ, լաց էի լինում։ Պատրաստ չէի ևս մեկ անգամ անցնել այդ մղձավանջով։ Դա է պատճառը, որ երկրորդ երեխա չունեցա։ Մայրս ասում էր՝ մի՛ հիշիր, որ կաթդ չկտրվի, ասում էին՝ կես տարուց կանցնի, բայց չանցավ։ Իմ դեպքը բարդ չէր. պարզապես մասնագիտական ու մարդկային ճիշտ մոտեցման դեպքում ես այս ծանր հոգեբանական բեռը չէի ունենա»։
14 տարի անց վերլուծելով կատարվածը՝ Սվետլանան նշում է նաև սոցիալական տարբերակված վերաբերմունքը.
«Հիվանդանոցի բակում մյուս ծննդկանի համար հավաքված էին բազմաթիվ հարազատներ՝ թանկարժեք մեքենաներով։ Իսկ ինձ դիմավորելու էին եկել մայրս ու սկեսուրս՝ հին, մաշված մեքենայով։ Ու մեզ հենց այդպես էլ վերաբերվեցին. ինձ՝ այդ հին մեքենայի պես, նրան՝ իր դիմավորողների շքեղությամբ։ Իրենց համար մարդն այդ պահին արժեք չուներ. դա «բոնբոներկա» ակնկալող համակարգի մտածելակերպն էր»,- ցավով եզրափակում է Սվետլանան։

Պատմությունը վավերացրել և գրի է առել Գայանե Մկրտչյանը։
Անվտանգության և էթիկական նկատառումներից ելնելով՝ հերոսի անունը փոխված է։
Պատկերները ստեղծված են ԱԲ գործիքով։
Այս պատմությունը հրապարակվել է «Ամփոփ Մեդիայի» «Անվտանգ ծնունդ» նախագծի շրջանակում, որն ուղղված է ծննդօգնության համակարգում բարեվարքության, էթիկայի և մարդակենտրոն մշակույթի ձևավորմանը։ Շարքի մյուս պատմություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ safebirth.ampop.am։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
