Վերադառնալ

Արմինե․ «Զանգահարեցի ընտանիքիս և ասացի՝ ինձ սպանում են, մի բան արեք»

40–ամյա Արմնինեն մինչ օրս սարսափով է հիշում 18 տարի առաջ իր հետ կատարվածը։ Ասում է՝ այն, որ ինքն ու երեխան ողջ են, հրաշքի նման մի բան է։ Այսքան տարի անց էլ նա խուսափում էր խոսել կատարվածի մասին։ «Ամփոփ Մեդիայի» նախաձեռնությունը դարձավ այն առիթը, որ Արմինեն որոշեց պատմել իր ապրածը։

Արմինեն մասնագիտությամբ բուժքույր է։ Սակայն իր փորձառությունից հետո հանգել է այն մտքին, որ ծննդաբերող կնոջը բռնությունից չեն պաշտպանում ո՛չ կրթությունը, ո՛չ փորձը, ո՛չ սոցիալական վիճակը, որովհետև երեխա ունենալու շրջանը կնոջ կյանքի ամենախոցելի հատվածն է․

«Երբ ծննդաբերությունս սկսվեց, ես արդեն մեկ շաբաթ էր, ինչ մեր քաղաքի ծննդատանն էի գտնվում, քանի-որ նախորդ օրերին պարբերաբար ցավեր էի ունենում։ Այդ օրը, սակայն, ցավերն այլ էին․ միանգամից հասկացա, որ ծննդաբերում եմ։ Տեղյակ պահեցի բուժքրոջը, նա էլ հերթապահ բժշկին։ Միանգամից տարան ծնարան։

Բժշկուհին, որ հիանալի մարդ ու մասնագետ էր, շատ մանրամասն և սիրալիր կերպով բացատրեց, ասաց՝ ծննդաբերությունը սկսվել է, բայց պրոցեսը երկար կլինի, երեկոյան հազիվ էլ ծննդաբերեմ։ Ես, իհարկե, շատ ուրախ էի, հատկապես, որ հենց այդ բժշկի հետ էի ծննդաբերելու։ Բայց հետո պարզվեց, որ նրա հերթափոխն ավարտվում է 2 ժամից, և ծնունդն ընդունելու է մեկ այլ բժշկուհի։ Նրա մասին «լեգենդները» մինչ օրս են պտտվում քաղաքում և դրանից դուրս։ Ցավոք, այդ պատմություններից մեկի հերոսն էլ ես դարձա։ Այդ ընթացքում, կարծես կանխազգալով, որ ինչ–որ բան է լինելու, ընտանիքիս խնդրեցի ծանոթ պրոֆեսորի կանչել, որ ինձ հետազոտի։ Նա ևս ասաց, որ ծննդաբերությունս երկար կտևի, գուցե մինչ ուշ գիշեր»,– հիշում է կինը։

Արմինեն ասում է՝ առաջին բուժզննումից 2 ժամ էր անցել, երբ հերթապահ բժշկուհին իրեն նորից զննության կանչեց։ Նա հիշում է, որ բարձրացավ գինեկոլոգիական բազկաթոռին՝ սպասելով սովորական հետազոտության․

«Նախորդ բժիշկն ինձ ասել էր, որ ես նույնիսկ բացվածք դեռ չունեմ։ Իսկ սա, առանց որևէ բան ասելու, առանց տեղյակ պահելու, թե ինչ է անում, պատռեց պտղապարկս, որ արագացնի ծննդաբերությունը։ Այդ ժամանակ բժիշկները վճարվում էին իրենց հերթափոխի ընթացքում ընդունած ծնունդների քանակի, և, ենթադրում եմ, որ այդպես տվյալ բժիշկն ինձ «իրենով» արեց։ Այդ պահին աննկարագրելի ուժեղ ցավ զգացի։ Հարցրեցի՝ այդ ի՞նչ եք անում։ Ոչինչ չասաց։ Մի կերպ իջա աթոռից, ու այդ պահին ջրերս գնացին։ Բնականաբար, նաև հատակը կեղտոտվեց։ Նա կտրուկ պտտվեց դեպի իմ կողմ, ու ասաց՝ «Այ այլանդակ, տակդ միզեցի՞ր»։ Չեմ կարող բացատրել, թե ինչ ամոթ, ինչ նվաստացում զգացի այդ պահին։ Սկսեցի արդարանալ, թե չեմ միզել, ջրերս են։ Սարսափելի վիրավորական էր այդ ամենը»,– հիշում է Արմինեն։

Նա պատմում է, որ պտղապարկի պատռումից հետո սկսեց ավելի վատ զգալ իրեն։ Ցավերին գումարվեց նաև բարձր ջերմությունը, թուլությունը։ Հիշում է, որ ողջ օրը ոչինչ չէր կերել և չէր խմել, քանի որ չէր բացառվում նաև կեսարյան հատմամբ ծննդալուծման տարբերակը․

«Արդեն շատ վատ էի, երբ նորից տարան ծնարան։ Բարձրացա գինեկոլոգիական բազկաթոռին, գրեթե անգիտակից էի։ Այդ ընթացքում հերթապահ բժշկին զանգ եկավ։ Պարզվեց՝ բարեկամուհիս է զանգողը, ով նրա հարազատն էր։ Զանգահարել էր ասելու, որ ինձ, իբր, լավ նայեն։ Մեկ էլ հանկարծ լսեցի, որ բժշկուհին ասում է՝ «Ո՞վ, այս այլանդա՞կը, հենց հիմա ձեռքիս տակ է»։ Եվ այդ խոսքի վրա, չգիտեմ՝ ինչու, բայց այնքան ուժեղ հարվածեց խնձորակիս, սիրտս թուլացավ։ Սկսեցի գոռալ ցավից, չէի կարողանում շարժվել, ոտքս գետնին դնել, քայլել։ Բուժքույրը սկսեց դժգոհել, որ բղավում եմ։ Ասացի՝ ախր տեսնում ես, թե ինչ արեց ինձ, գոնե դու մի քիչ սիրալիր եղիր։ Երևի բառերս ազդեցին բուժքրոջ վրա։ Մի կերպ, թևերս ընկան, օգնեցին իջնել բազկաթոռից։ Դրանից հետո էր, որ զանգահարեցի ընտանիքիս անդամներին և ասացի, որ ինձ սպանում են, կա՛մ այլ բժիշկ հասցնեն, կա՛մ ինձ դուրս բերեն այդ սպանդարանից»,– պատմում է Արմինեն։

Պտղապարկի պատռումից հետո շուրջ 14 ժամ էր անցել։ Կինը հիշում է՝ լրիվ ուժասպառ էր, չէր կարողանում անգամ խոսել, երբ հարազատները կրկին ծննդատուն բերեցին ծանոթ պրոֆեսորին։ Նա միանգամից զգաց, որ վիճակը վատ է։ Արմինեն նրան պատմեց կատարված բռնության մասին։ Նա մի անկյուն տարավ հերթապահ բժշկին։ Արմինեն չլսեց նրանց զրույցը, միայն մի քանի րոպե անց, երբ պրոֆեսորը սկսեց իր զննությունը, շրջվեց  և ասաց՝ «Էս ի՞նչ ես անում։ Վարի ես տալիս էս երեխուն»․

«Դրանից հետո բժիշկը որոշեց երեխայի սրտի աշխատանքը ստուգել։ Բաբախ չէր լսվում։ Ես արդեն ոչինչ չէի գիտակցում, միայն լսում էի, թե ինչպես է պրոֆեսորը անընդհատ կրկնում՝ սպանում ես, մեռնում է, էս ի՞նչ ես անում։ Հետո ձեռքը դրեց ճակատիս, ասաց՝ աղջիկ ջան, այրվում ես, ջերմությունդ չեն չափե՞լ։ Ասացի, որ անընդհատ խնդրել եմ, ասել, որ վատ եմ զգում, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Նա հրահանգեց գնալ, համաձայնություն ստանալ հարազատներիցս, որպեսզի անմիջապես կեսարյան հատում անեն։ Երեկոյան 11։30 կեսարյան հատում արեցին։ Երեխայի ճիչը ուշացել էր, նրան տարել էին վերակենդանացման բաժին, ինչը ամուսնուցս և ընտանիքիցս գաղտնի էին պահել։ Երեխայիս տեսել եմ ծնվելուց 3 օր անց, երբ վիճակը մի քիչ ավելի ստաբիլ էր։ Եվ միայն իմ պահանջից հետո, որովհետև ինձ չէին ասում, թե ինչ վիճակում է նա»,– պատմում է Արմինեն։

Մեկ տարի անց Արմինեն կրկին հղիացավ։ Նախորդ փորձառությունը հաշվի առնելով, միանգամից գնաց առաջնեկի ծնունդն ընդունած պրոֆեսորի մոտ։ Կեսարյան հատման համար նշանակված ժամկետի նախորդ օրը, սակայն, տանը Արմինեի մոտ ջրազատում եղավ։ Երբ հասան ծննդատուն, պարզվեց, որ նույն «չարաբաստիկ» բժշկի հերթապահության օրն է։ Արմինեն ասում է՝ ճակատագրի հեգնանքն էր։ Երկրորդ ծնունդն էլ նա ընդունեց։ Արմինեն ասում է՝ բժշկուհին իրեն միանգամից հիշեց․ «Այլանդակ, նորից դո՞ւ ես»։ Եվ չնայած, որ այս անգամ ամեն ինչ սահուն անցավ, Արմինեն մինչ օրս էլ հիշում է առաջին ծննդաբերությունից հետո ի հայտ եկած հետծննդաբերական ընկճախտը։ Նա համոզված է՝ այդ ամենն իր կրած մանկաբարձական բռնության և անմարդկային վերաբերմունքի ուղղակի հետևանքն էր։

«Ես քառասուն օր ոչինչ չէի կարողանում անել, միայն քնում էի։ Երեխայիս մայրս էր խնամում, իսկ ես փոխանակ վայելեի այդ օրերը, միայն ինձ հետ կատարվածն էի հիշում ու պատմում։ Այնքան, որ մայրս սաստում էր, որ բաց թողնեմ, մոռանամ, այլապես վիճակս գնալով ծանրանում էր»,– պատմում է նա։

Նա ասում է՝ այսքան տարի անց էլ վստահ է՝ եթե ծանոթ պրոֆեսորը չմիջամտեր, ինքն այսօր ողջ չէր լինի։ Այդ միտքը հաճախ է այցելում նրան, հատկապես, երբ հիշում է իր ծննդաբերությունից կարճ ժամանակ անց տվյալ բժշկուհու ծննդկաններից մեկի մահվան լուրը։ Արմինեն վստահ է՝ եթե չլիներ պտղապարկի պատռումն ու դրան հաջորդած բռնության դեպքերը, ինքը ի վիճակի կլիներ ինքնուրույն ծննդաբերել, թեկուզ հաջորդ օրը։

Պատմությունը վավերացրել և գրի է առել Սոնա Մարտիրոսյանը։ 
Անվտանգության և էթիկական նկատառումներից ելնելով՝ հերոսի անունը փոխված է։
Գլխավոր պատկերն ու աուդիո պատումը ստեղծված են ԱԲ գործիքով։ 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Կիսվել՝ Facebook Telegram X