Վերադառնալ

«Մահվան դուռն էի հասել». Լուսինեի պատմությունը՝ 8 տարվա լռությունից հետո

Լուսինեի (անունը փոխված է) առաջին հղիությունն ընթանում էր առանց խնդիրների։ Մարզային բժշկական կենտրոններից մեկում 9 ամիս հսկվող 20-ամյա կնոջը բժիշկները միայն ասել էին, որ պտուղը խոշոր է։

Քանի որ անհանգստանալու պատճառ չկար, նա որևէ վախ չուներ առաջնեկի ծննդի հետ կապված։

Սակայն, երբ Լուսինեն ցավերով տեղափոխվեց հիվանդանոց, պարզվեց, որ արգանդի պարանոցի բացվածք չկա։ Բժիշկները որոշեցին նրան հոսպիտալացնել։ Այստեղ սկսվեց Լուսինեի 2.5 օր տևած հիվանդանոցային ոդիսականը, որի ընթացքում նա գտնվում էր բժիշկների վերահսկողության տակ, բայց՝ բացարձակ տեղեկատվական վակուումում։

«Այդ 2.5 օրվա ընթացքում մի քանի անգամ ներզննում արեցին, ինչը սարսափելի ցավոտ էր։ Երկու օր անց, տեսնելով, որ ցավերս չեն դադարում, բայց բացվածք դեռ չկա, բժիշկը պատռեց պտղապարկս։ Այդ ընթացքում ինձ ինչ-որ ներարկումներ էին անում։ Ո՛չ միջամտությունների, ո՛չ էլ ներարկումների մասին ինձ որևէ մեկը տեղյակ չէր պահում, համաձայնությունս չէին հարցնում։ Ես միայն տարիներ անց եմ հասկացել, թե ինչ են արել ինձ հետ։ Բժշկական անձնակազմից որևէ մեկը չէր բացատրում, թե ինչ է կատարվում»,- ծննդաբերությունից 8 տարի անց հիշում է Լուսինեն։

Հիվանդանոց ընդունվելու երրորդ օրը, հարազատների համաձայնությամբ, որոշվեց կատարել կեսարյան հատում։ Սակայն վիրահատությունից հետո Լուսինեի վիճակը չթեթևացավ. նա անընդհատ թուլություն ուներ և ամեն օր ջերմում էր՝ երբեմն մինչև 40 աստիճան։ Չնայած սրան, բուժաշխատողները հարազատներին հավաստիացնում էին, թե ամեն բան կարգին է, իսկ տենդը պարզապես վիրահատության հետևանք է։

Ջերմության պատճառը պարզելու համար Լուսինեին տարան հետազոտության, որի ընթացքում բժիշկները, դարձյալ առանց բուժառուին որևէ բան բացատրելու, իրար մեջ քչփչալով, որոշեցին նրան նորից տանել գինեկոլոգիական աթոռին։

«Բարձրացա աթոռին, երբ հանկարծ զգացի, որ առանց տեղյակ պահելու և առանց որևէ ցավազրկման վակուում են անում։ Միայն դրանից հետո ասացին, որ արգանդում հեղուկ էր հավաքվել, և բարձր ջերմությունս դրա հետևանք էր»,- պատմում է Լուսինեն։

Բայց միջամտությունից հետո էլ տենդը չընկրկեց։ Մեկ շաբաթից ավելի հիվանդանոցում գտնվող կինը նկատել էր, որ վիրահատական կարերը թաց են։ Նա այդ մասին ասում էր բժիշկներին, բայց որևէ մեկը լրջորեն չէր արձագանքում. միակ բանը, որ անում էին, ժամանակ առ ժամանակ նրա փորը սեղմելն էր՝ պատճառելով անասելի ցավեր։

Կեսարյան հատումից ութ օր անց, երբ հերթական բժիշկը սեղմեց Լուսինեի որովայնը, կարերից թարախ հոսեց։ Բժիշկն անկեղծացավ՝ խոստովանելով, որ իր պրակտիկայում նման բան չի տեսել և չգիտի՝ ինչ անել։ Հասկանալով վիճակի լրջությունը՝ հարազատներին խորհուրդ տվեցին կնոջը շտապ տեղափոխել մայրաքաղաքի մասնագիտացված կլինիկա։

Երևանում բժիշկները ստիպված եղան քանդել բոլոր կարերը։ Լաբորատոր հետազոտությունները հաստատեցին ամենավատը՝ Լուսինեի մոտ արյան վարակում (սեպսիս) էր սկսվել։

«Մայրաքաղաքի բժիշկներն ասացին, որ ժամերի հարց էր։ Եթե սպասեինք մինչև լույսը բացվեր, հետևանքներն անդառնալի կլինեին։ Ես համարյա մահվան դուռն էի հասել բժիշկների պատճառով»,- ասում է նա։

Ֆիզիկական տառապանքներից ու առանց համաձայնության արված միջամտություններից բացի, Լուսինեի հիշողության մեջ դրոշմվել է նաև բժշկական էթիկայի բացակայությունը։ Հղիության ընթացքում նա քաշ էր հավաքել ու այտուցվել։ Ծննդատան գինեկոլոգը ամուսնու հետ զրուցելիս հեգնական արտահայտություն էր թույլ տվել, ասելով՝ «Լավ էլ սիրուն տղա ես, էդ չաղին որտեղի՞ց ես գտել»։

Այս դեպքից հետո Լուսինեն այլևս այդ հիվանդանոց չի վերադարձել։ Նրա հաջորդ երկու երեխաները ծնվել են Երևանում։ Չնայած անցել է ութ տարի, նա մինչ օրս ծանր զգացողություններ է ունենում անգամ այդ բժշկական կենտրոնի շենքի կողքով անցնելիս և երբեմն ինքն իրեն մեղադրում է, որ ժամանակին այլ հիվանդանոց չի ընտրել։

«Անվտանգ ծնունդ» հարթակը պատճառ դարձավ, որ Լուսինեն որոշեց խզել 8 տարվա լռությունն ու առաջին անգամ բարձրաձայնել իր պատմությունը։ Ասում է, փոքր համայնքներում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, նման թեմաների շուրջ քննարկումից խուսափում են՝ ավելորդ շահարկումներից պաշտպանվելու համար։ Լուսինեի համար ամենացավալին այն է, որ իր հետ նման կերպ վարված մարդիկ այսօր էլ շարունակում են աշխատել նույն հիվանդանոցում։

«Երևանում ծննդաբերելիս ես հանդիպեցի բազմաթիվ հղիների, ովքեր ինձ նման բացվածք չունեին, բայց բժիշկներն այլ՝ անվտանգ լուծումներ էին գտնում։ Եթե ինձ նորմալ բժշկական օգնություն ցուցաբերվեր, ես գուցե այսօր չորրորդ երեխան էլ ունենայի։ Երեք տղա ունեմ, շատ էի ուզում նաև աղջիկ ունենալ, բայց քանի որ կարերս ահավոր վիճակում էին՝ բազմաթիվ կպումներով ու սպիներով, դա այլևս հնարավոր չէ»,- եզրափակում է Լուսինեն։

Պատմությունը վավերացրել և գրի է առել Սոնա Մարտիրոսյանը։ 
Անվտանգության և էթիկական նկատառումներից ելնելով՝ հերոսի անունը փոխված է։
Գլխավոր պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Կիսվել՝ Facebook Telegram X