Վերադառնալ

Աննա․ «Տպավորություն էր, որ ով որքան կարողանում է, ուզում է խեղճացնել ինձ»

25-ամյա Աննան և գործընկերուհին գրեթե նույն օրն իմացան, որ մայրանալու են։ Որոշեցին, որ լավ կլինի, եթե 9–ամսյա այդ փորձառությունն իրար հետ անցնեն՝ նույն բուժհիմնարկում, նույն բժշկի մոտ։ Գործընկերուհին ասաց, որ Երևանի հայտնի մասնավոր կլինիկաներից մեկում մտերիմ բժիշկ ունի, որին վստահում է անվերապահորեն։ Աննան սա համարեց հաջողություն։ Չնայած դրան, հիմա արդեն հասկանում է՝ զգուշանալու ու անհանգստանալու հիմքեր ունեցել է հենց առաջին օրվանից․

«Շատ ծանր հղիություն էի տանում, բայց թե՛ բժշկուհիս, թե՛ մյուսները այդ հիվանդանոցում թքած ունեին դրա վրա։ Այդ ժամանակ ես ախտորոշված վագինիզմ չունեի, բայց բանիմաց, ուշադիր բժիշկը իմ գանգատներից միանգամից կհասկանար, որ ես այդպիսի խնդիր ունեմ, և դա չափազանց բարդացնելու է ծննդաբերության ընթացքը։ Ես սարսափելի վախ ունեի սեռական հարաբերությունների հետ կապված։ Դա վագինիզմի առաջնային ցուցանիշն է, որի մասին նա պետք է իմանար։ Բայց այդ ողջ ընթացքում որևէ խորհրդատվություն ես չեմ ստացել իմ խնդրի հետ կապված։ Հիմա եմ հասկանում, որ նա կարող էր առնվազն ինձ ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ։ Ամիսը մեկ ուղղակի գնում էի կոնսուլտացիայի, որտեղ ոչ մի գանգատ արձագանք չէր գտնում»,– հիշում է Աննան։

Հերթական հետազոտության ժամանակ, սակայն, պարզվեց, որ Աննայի պտղաջրերը զգալիորեն պակասել են, և երեխայի մահացության վտանգ կա։ Չնայած, որ հղիության 41–րդ շաբաթն էր ընթանում, Աննան ո՛չ ցավեր ուներ, ո՛չ բացվածք։ Որոշում կայացվեց արհեստականորեն արագացնել ծննդաբերությունը։ Աննան ընդունվեց պաթոլոգիայի բաժանմունք, որտեղ մնաց 3 օր․

«Այդ երեք օրերը ուղղակի սարսափ էին։ Սկսած նրանից, որ ինձ թույլատրում էին ուտել միայն յոգուրտ, նշելով, որ ամեն պահի կարող է ծննդաբերեմ։ Պատկերացրեք՝ հղի կին, որը պատրաստվում է ծննդաբերության, երեք օր ոչինչ չուտի։ Վերջում ուղղակի ուժասպառ էի։ Այդ ընթացքում ինձ ամեն օր առավոտյան տանում էին ծնարան, հոգնա անում, հետ բերում։ Ես այդ ողջ ընթացքում ենթարկվում էի բուժքույրների և սանիտարների ծաղրուծանակին։ Նույնիսկ ծննդաբերության ժամանակ, երբ շատ վատ էպիդուրալ անզգայացում էին արել, և աջ կողմս թմրել էր, ձախը՝ ոչ, քույրերից մեկն ասաց՝ «Ամուսնանալուց առաջ չգիտեի՞ր, որ այսպես է լինելու։ Թե՞ սեքսից հաճույք ստանալը գիտես, հետևանքները՝ ոչ»»,– հիշում է նա։

Աննան կարծում է՝ եթե նախորդ հետազոտությունը պատշաճ կատարված լիներ, կամ գոնե թե իրեն ավելի հաճախակի կանչեին, գուցե պտղաջրերի պակասն այդքան զգալի չլիներ, կամ հնարավոր լիներ ինչ–որ բան անել։ Դրա պատճառով, երբ երեխան ծնվեց, մաշկն ամբողջությամբ չոր էր, իսկ ճիչը չկար․

«Ծննդաբերությանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես վերահսկողություն չի եղել իմ վիճակի հետ կապված։ Չնայած, անգամ հիվանդանոցում, երբ ասում էի, թե ով է բժիշկս, ինձ այնպես էին վերաբերվում, կարծես ուզենային ասել՝ «անտեր ես»։ Եվ, ըստ էության, ես ինձ հենց այդպես էլ զգում էի։ Գուցե թույլ, խոցելի վիճակս էլ դեր ուներ, բայց տպավորություն էր, որ ով որքան կարողանում է, ուզում է խեղճացնել ինձ։ Ինչ–որ պահի ես մտածեցի, որ գուցե այդ վերաբերմունքով գումար են ուզում, սկսեցի բուժքուրների, սանիտարների գրպանը գումար դնել՝ 2000-3000 դրամ, բայց վիճակը դրանից առանձնապես չփոխվեց։ Կարծում եմ՝ դա այն գումարը չէր, որ իրենք ակնկալում էին ստանալ։ Ամեն անգամ, երբ ասում էի, որ լավ չեմ զգում, բուժքույրերն ասում էին՝ ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը։ Բոլորն էլ այդպես են լինում»,– ասում է Աննան։

Երբ ամեն բան պատրաստ էր ծննդաբերության համար, Աննան զանգահարեց հղիությունը վարող բժշկուհուն՝ տեղյակ պահելու համար, որ արդեն մտնում է ծնարան։ Բժշկուհին զանգն անպատասխան թողեց, և հետաքրքրվեց նրա որպիսությամբ միայն 3 օր անց։ Երեխայի ծնունդն ընդունեց այլ բժիշկ։ Ծննդաբերությունը տեղի ունեցավ էպիդուրալ անզգայացմամբ։

Աննան հիշում է՝ երբ բժշկին հարցրեց, թե ինչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ, բժիշկն ասաց․ «Երեք աղջիկ ունեմ, ոչ մեկին էպիդուրալ չեմ արել։ Մի քանի էջ կողմնակի ազդեցություն ունի, բայց դու մի մտածի, կանենք, «շխկշխկալով» կծննդաբերես։ Մենակ մեջքդ կցավա մի որոշ ժամանակ»։

Հետո սկսվեց սարսափելի հետծննդաբերական շրջանը։ Աննան հիշում է՝ ամեն անգամ, երբ իր մոտ էին բերում օրդինատորների, հենց իր ներկայությամբ ասում էին՝ «սա այն ծննդկանն է, ում հազար կար ենք դրել»․

«Երբ երեխան ծնվեց, ճիչը ուշացած էր։ Նրան անմիջապես տարան մոտիցս։ Հաջորդ վեց ժամերին ես ուղղակի արնահոսում էի, ահավոր հոգեվիճակում էի գտնվում։ Այնքան վատ էի, որ անգամ երեխային չէի ուզում տեսնել, որովհետև կարծում էի, որ իր պատճառով եմ այդ վիճակում։ Հետծննդաբերական այդ ընկճախտի, դողերոցքի, արնահոսության պայմաններում անգամ որևէ մեկը չէր հետաքրքրվում իմ որպիսությամբ։ Միակ հարցը, որ տալիս էին, այն էր, թե երբ է ամուսինս գալու։ Հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի գումար են ուզում»,– պատմում է Աննան։

Ծննդաբերությունից հետո երիտասարդ կնոջը տեղափոխեցին հիվանդասենյակ։ Աննան ասում է, որ ընդհանուր հիվանդասենյակ էր վերցրել, որովհետև մտքով անգամ չէր անցնի, թե որքան ծանր է լինելու ծննդաբերական շրջանը։ Հաջորդ օրը իր հիվանդասենյակ բերեցին մեկ այլ ծննդկանի, ով խոստովանեց, որ իրեն բերել են հենց այդտեղ, որ Աննային «տիրություն» անի։ Աննան հիշում է, որ բազմաթիվ կարերի պատճառով չէր կարողանում նստել, քայլել։ Նախորդ երեք օրերի հյուծվածությունից անընդհատ ուզում էր քնել․

«Մի օր մանկաբույժն եկավ, ասաց, որ երեխայիս տարել են պատվաստման, ի դեպ, առանց ինձ հարցնելու։ Հետո ասաց՝ «Գիտե՞ս, պալատում բոլորն արթնացան, երբ երեխային իրենց կողքից վերցրեցինք։ Միայն դու էիր անջատված, քնած։ Դու չես հասկանո՞ւմ, որ երեխա ես ունեցել»։

Մանկաբույժները գիշերներն անջատում էին իրենց հեռախոսները, որպեսզի իրենց որևէ մեկը չանհանգստացնի։ Երեխան շատ անհանգիստ էր, անընդհատ լաց էր լինում, ես զանգում էի նրանց, որ գային, փորձեինք հասկանալ՝ գուցե երեխան չի հագենում, արհեստական սնունդ է պետք տալ, կամ այլ անհանգստություն ունի։ Բայց ոչ ոք զանգերին չէր պատասխանում։ Իսկ բուժքույրները գրեթե երբեք չէին արձագանքում կանչին։ Գալիս էին, երբ իրենց էր հարմար»,– հիշում է Աննան։

Ըստ նրա՝ տուն վերադառնալուց հետո շուրջ 40 օր չի կարողացել տեղաշարժվել, խորը հետծննդաբերական դեպրեսիա է ունեցել, ինչի պատճառով անհնար է եղել  հետազոտությունների համար մարզից Երևան գալը։ Աննան ասում է՝ նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով իր կամ երեխայի վիճակով հիվանդանոցից որևէ մեկը չի հետաքրքրվել։

Անգամ չորս տարի անց նա չի կարողանում առանց հուզվելու պատմել կատարվածի մասին։ Ասում է՝ ինչ–որ բաներ փորձել է առհավետ ջնջել հիշողությունից՝ մայրության իր ընթացքը չմթագնելու համար։

Աննան ասում է՝ միայն հիմա, երբ մանկաբարձական բռնության մասին սկսել են ավելի բաց խոսել, հասկանում է, որ միայնակ չէ այս ցավի հետ, որ հազարավոր կանայք անցնում են նույն փորձությունը։ Երկրորդ երեխայի ծնունդից հետո միայն հասկացավ, թե ինչ է նշանակում մանկաբարձական դրական փորձառությունը։

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ մանկաբարձական ծառայություններ մատուցող բուժհաստատությունները առաջնածին կանանց հետ հաղորդակցության հստակ կանոնակարգեր ունենան, փորձեն հնարավորինս մանրամասնորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենալու, ինչպիսին կարող է լինել ընթացքը, որպեսզի անտեղյակությունը հավելյալ սթրես և բռնության հիմք չդառնա կանանց համար։

Պատմությունը վավերացրել և գրի է առել Սոնա Մարտիրոսյանը։ 
Անվտանգության և էթիկական նկատառումներից ելնելով՝ հերոսի անունը փոխված է։
Գլխավոր պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Կիսվել՝ Facebook Telegram X