Վերադառնալ

«Ինձ թվում էր՝ մեռնում եմ». Անահիտի 14 տարվա չմոռացվող տրավման

14 տարի առաջ ունեցած ծննդաբերությունը Անահիտը մինչ օրս հիշում է որպես կյանքի ամենադաժան փորձություններից մեկը։ Ծանր հիշողությունները նրան ստիպում են վերապրել այն ցավն ու զգացողությունը, որը դժվարությամբ կարողացել է հաղթահարել։

«Էն որ ասում էի՝ պատուհանը բացեմ, ինձ ցած նետեմ։ Հենց այդպես էլ լինում է, որ հղիները նման քայլերի են դիմում։ Երևի Աստված ինձ ուժ տվեց, որ անցնեմ այդ դժոխքի միջով ու ինձ վնաս չտամ։ Կյանքի ու մահվան սահմանագծին էի։ Մտածում էի՝ վերջ, այստեղից դուրս չեմ գա։ Անընդհատ խնդրում էի, որ ինձ կեսարյան անեն, բայց չարեցին»,- պատմում է 42-ամյա Անահիտը։

Նրա խոսքով՝ հղիությունն ընդհանուր առմամբ անցել է նորմալ։ Իր բժշկուհու հսկողության տակ է եղել մինչև յոթերորդ ամիս, որից հետո բժիշկն անցել է մայրական արձակուրդի։ Խնդիրները սկսվել են հղիության վերջին փուլում՝ թութքի պատճառով։

«Ու քանի որ վիճակս վատ էր, որոշեցի լավ բժիշկ ընտրել։ Մի մասնագետի մասին շատ էի լսել, հիվանդանոցում էլ խորհուրդ տվեցին հղության վերահսկումը հենց իրեն վստահել, ես էլ ընտրեցի նրան։ Առաջնածին էի, տղաս էլ խոշոր պտուղ էր՝ 3,7 կգ։ Հղիության վերջին ամսում, երբ երեխայի գլուխը ներքև իջավ ու օրգանները սեղմվեցին, մոտս սուր թութք առաջացավ։ Ծննդաբերությունից օրեր առաջ այն արդեն նարնջի չափ էր դուրս եկել. անտանելի ցավերի մեջ էի»,- պատմում է Ապրեսյանը։

Անահիտը իր ընտրած մանկաբարձ-գինեկոլոգին խնդրել է կեսարյան հատում անել, սակայն վերջինս տեղեակցրել է, որ կկատարի կեսարյան միայն պրոկտոլոգի տված ցուցումից հետո և հորդորել գնալ հետազոտության։

«Գնացի բժշկական կենտրոն։ Պրոկտոլոգներն ասացին՝ որոշումը պետք է կայացնի ծնունդ ընդունող բժիշկը։ Ստացվեց, որ ոչ ոք պատասխանատվություն չէր ուզում վերցնել։ Բոլորը իրար վրա էին գցում։ Վերջում էլ բժիշկս ասաց՝ «Ցուցում չեմ տեսնում, եթե ընթացքում խնդիր լինի, նոր կկատարենք կեսարյան»»,- հիշում է նա։

Ծննդաբերությունը նախատեսված էր նոյեմբերի 11-ին, սակայն մեկ օր շուտ արյունահոսություն է սկսվում, և նոյեմբերի տասի վաղ առավոտյան Անահիտը շտապում է ծննդատուն։

«40 շաբաթն արդեն անցել էր, բայց տղաս չէր ծնվում։ Բժիշկն ասում էր՝ արի, արհեստական ցավերով ծննդաբերությունը կազմակերպենք, բայց մինչև այդ հորդորում էին սպասել՝ գուցե բնական ճանապարհով սկսվի։ Երբ առավոտյան զանգեցի բժշկիս ու հայտնեցի արյունահոսության մասին, նա անտարբեր ասաց՝ նախաճաշիր, նոր արի։ Հարցրեցի՝ իսկ եթե հանկարծ կեսարյանի կարիք լինի՞, չէ՞ որ չի կարելի ուտել։ Նորից պնդեց, որ ուտեմ ու նոր գնամ։ Այսինքն՝ նա արդեն միտված էր, որ ոչ մի դեպքում վիրահատություն չի անելու»,- վերհիշում է Անահիտը։

Երկու խնդիր իրար էր գումարվել`թութք և ծննդաբերական ցավեր: Վերապրելով ծննդաբերության ժամանակ ունեցած ցավերը, ամեն խոսքի հետ ափսոսանք է հայտնում, որ ժամանակին չի փոխել հիվանդանոցն ու բժշկին։

«Հիվանդանոց գնացի առավոտյան, բայց ծննդաբերեցի միայն երեկոյան ժամը ութին՝ անտանելի ցավերի մեջ ու արնահոսելով։ Իմ ընտրած բժիշկը չկար, հերթապահն էր։ Վերջին պահին միայն բժիշկս եկավ, փորս սկսեց սեղմել, ու երեխան դուրս եկավ։ Շեքահատում արեցին առանց ցավազրկման. ժամանակ չունեին։ Այնպիսի վատ վիճակում էի, կարծես կառուսելի մեջ լինեի, թվում էր՝ մեռնում եմ։ Դրսից ու ներսից բազմաթիվ պատռվածքներ ունեի, ժամերով կարում էին։ Դարձա ծննդատան «մսաղացի հումք»»,- որպես իր կյանքի մղձավանջ է ներկայացնում Անահիտը։

Ծննդաբերության հաջորդ օրը բժիշկն Անահիտին առաջարկել է  դուրս գրվել և զբաղվել թութքի վիրահատությամբ։

«Ասաց. «Ես  բժիշկ եմ ու նման բան չէի տեսել, վախենում եմ քո այդ հատվածներին նայեմ, քեզ մոտ ահավոր վիճակ է»։ Ես ասացի, ինչպե՞ս է պատկերացնում իմ մեկ օրական երեխայի հետ, ինչպե՞ս եմ գնալու վիրահատության, ո՞վ է պահելու երեխայիս։ Շեկահատումը շատ մեծ էր արված, քառասուն օր անգամ նստել չեմ կարողացել, թևս դնում էի ծնոտիս տակ ու պարկած էի հաց ուտում։ Ամիսներ շարունակ ծնողներիս տանն եմ մնացել, 1 կգ բան անգամ չէի կարող վերցնել»,- պատմում է նա։

Անահիտը համոզված է. իր հանդեպ ցուցաբերել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, և առ այսօր էլ չի հասկանում թե ո՞րն էր նման վերաբերմունքի պատճառը, այն դեպքում, որ բուժհաստատությունն ու բժշկին նախապես էր ընտրել։

«Ներքին կարգով վճարել եմ բժշկիս 250 հազար դրամ, ես վճարունակ հիվանդ եմ եղել, ինչու այսպես վարվեցին ինձ հետ, չգիտեմ։ Եթե անեին կեսարյան, նախ թութքը դուրս չէր գա, ես չէի արնահոսի, շեկահատում չէին անի, այդքան կարեր ու տանջանքներ չէի ունենա, 15 ժամ չէի տանջվի անմարդկային  ցավերից ու չէի անցնի դժոխքի միջով»,-համոզված է նա։

«Բժիշկն ինձ ասում էր. «Կյանքում քեզ չեմ մոռանա, իմ պրակտիկայում նման դեպք չէր եղել»։ Հասկանո՞ւմ եք, ես ուղղակի հրաշքով եմ փրկվել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, ու ես դա վստահ եմ ասում»,- նշում է Անահիտը։

Այս ամենից հետո ծննդաբերության ծանր փորձը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության և հետագա կյանքի վրա։ Թութքի վիրահատությանը Անահիտը դիմել է միայն երեք տարի անց. այդ ընթացքում շարունակել է կրծքով կերակրել երեխային ու տարբեր միջոցներով մեղմել անդադար ցավերը։

«Այդ ամենը չեմ կարողանում մոռանալ։ Այդ մղձավանջից հետո այնպես եմ վախեցել, որ հրաժարվել եմ երկրորդ երեխան ունենալու մտքից։ Մնացի միայն այս մի տղայիս հույսին։ Եթե ամեն ինչ ժամանակին ու ճիշտ արվեր, հնարավոր է՝ այսօր ունենայի երկու, երեք կամ ավելի երեխաներ»։

Պատմությունը վավերացրել և գրի է առել Գայանե Մկրտչյան։ 
Անվտանգության և էթիկական նկատառումներից ելնելով՝ հերոսի անունը փոխված է։
Գլխավոր պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Կիսվել՝ Facebook Telegram X