«Դո՞ւ ես պորտս կտրել. հա՛, ես եմ կտրել»․ ինչպես Արմենը կոտրեց ծնարանում տղամարդու ներկայության կարծրատիպը
Արմեն Բեժանյանը Հայաստանում այն եզակի հայրիկներից է, ով ներկա է եղել իր երկու որդիների ծննդին։
«Առաջին տղաս ծնվեց Բելգիայում. սկուտեղով մկրատ բերեցին՝ գեղեցիկ ժապավենը վրան կապած, ու ասացին, որ պորտալարը կտրեմ։ Իրենց մոտ այդպես է ընդունված։ Հետաքրքիր էր, ես էլ կտրեցի։ Իսկ Հայաստանում, երբ ծնվում էր երկրորդ տղաս, արդեն ինքս խնդրեցի, որ թույլ տան կտրել։ Խոսք կա, չէ՞, որ ասում են՝ «Դո՞ւ ես պորտս կտրել»։ Ասում եմ՝ հա՛, ես եմ կտրել»,- ժպիտով պատմում է 57-ամյա Արմենը։
Առաջին փորձառությունը տեղի էր ունեցել 2005 թվականին։ Հղի կնոջ հետ Բելգիայում քրոջ ընտանիքին հյուրընկալվելիս՝ կնոջ մոտ անսպասելի սկսվել էին ծննդաբերական ցավերը, և յոթ ամսական հղիությամբ նրան շտապ տեղափոխել էին տեղի կլինիկա։
«Բժիշկն առաջարկեց ներկա լինել, մանավանդ որ կինս անգլերեն չէր խոսում. ասացին՝ նաև կթարգմանեք, կօգնեք իրար ավելի լավ հասկանալ։ Հետո քույրս պատմում էր, որ ծնարանից ամենից շատ իմ ձայնն էր լսվում. երբ բժիշկն ասում էր՝ «ուժ տո՛ւր», ես էլ խառնված հայերեն բղավում էի՝ «ուժ տո՛ւր»։ Առաջին անգամն էր, անփորձ էի, բայց կինս հետագայում ասաց, որ ներկայությունս իր համար չափազանց կարևոր էր»,- հիշում է նա։
Միջազգային զարգացման մասնագետ Արմեն Բեժանյանի համար առողջապահական համակարգն անծանոթ չէր. տարիներ առաջ նա ղեկավարել էր ընտանեկան բժշկության ներդրման ծրագրերից մեկը։ Իրավական նորմերի ու պետական կարգավորումների իմացությունն էլ օգնեց նրան հաղթահարել արգելքները, երբ որոշեց ներկա գտնվել նաև երկրորդ որդու ծննդին՝ արդեն Երևանում։
Երևանյան ծննդատներից մեկում, որտեղ կային առանձնացված անհատական ծնարաններ, նրա ցանկությունն ի սկզբանե մերժեցին՝ պատճառաբանելով, թե դա հնարավոր չէ առանց հերթապահ բժշկի հատուկ թույլտվության, իսկ վերջինս կտրականապես դեմ էր։
«Զանգահարեցի, հիշեցրի համապատասխան իրավական կարգի մասին, որը հարազատին թույլ է տալիս ներկա լինել ծննդաբերությանը, եթե կան բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ։ Ասացի՝ եթե հիմք չներկայացնեք ու մերժեք, կձայնագրեմ խոսակցությունը, կբողոքարկենք և կտեղափոխվենք այլ հիվանդանոց։ Ինձ ասում էին. «Ձեզ համար ենք ասում, մարդ կա՝ ուշաթափվում է, հանկարծ վատանաք, ծննդկանին թողնենք, ձեզնով զբաղվե՞նք»։ Հանգստացրի՝ ասելով, որ նման խնդիր չի լինի, ես արդեն փորձառու եմ»,- պատմում է Բեժանյանը։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի՝ ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծննդաբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով ապահովվում է աջակցող անձի կամ հարազատի (ոչ ավել, քան մեկ անձ) ներկայությունը նախածնարանում և ծնարանում՝ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման և անհատական ծնարանի առկայության դեպքում։
Արմենի դիտարկմամբ՝ տղամարդու ներկայությունը ծնարանում արմատապես փոխում է միջավայրն ու շփման որակը.
«Իմանալով մեր միջավայրը, որտեղ կարող են ձայն բարձրացնել կամ հոգեբանորեն ճնշել կնոջը, վստահ էի, որ ներկայությունս կկանխի դա։ Իմ ներկայությամբ անձնակազմն անհամեմատ ավելի զգույշ էր ու հավասարակշռված։ Մի պահ սանիտարներից մեկը, ով ինձ չէր նկատել սպիտակ խալաթով ու դիմակով, փորձեց տոնը բարձրացնել, բայց երբ կողքից հասկացրին, որ ամուսինն այստեղ է, միանգամից լռեց։ Ուղեկցող անձի ներկայությունը մոտ 80 տոկոսով կանխում է ոչ պատշաճ վերաբերմունքը»։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ ներկա գտնվող հարազատը պետք է լինի իրազեկված, պատրաստված և չխոչընդոտի բժշկական անձնակազմի բուն մասնագիտական աշխատանքին։
«Ես բժիշկներին չեմ մեղադրում նախնական մերժման համար, փորձում եմ նայել նաև նրանց աչքերով։ Բժիշկը կարող է մտահոգվել, որ հարազատը պատրաստ չէ՝ կարող է ուշաթափվել, հիստերիա բարձրացնել կամ «տաքացած հայ տղամարդու» պահվածք դրսևորել, ինչը կխաթարի ողջ գործընթացը։ Խնդիրը ոչ թե արգելքն է, այլ համապատասխան մշակույթի բացակայությունը, որը պետք է ձևավորել»։
Ըստ Բեժանյանի՝ մասնակցության մշակույթը ներդնելու համար անհրաժեշտ է հանրային բաց խոսույթ և՛ բուժաշխատողների, և՛ հանրության շրջանում. բժիշկները պետք է ընդունեն, որ հարազատի մասնակցությունը բնականոն գործընթաց է, իսկ հարազատները պետք է տիրապետեն հաղորդակցության ու վարքականոնների նրբություններին։
Արմենը հումորով նշում է, որ իրենց ընտանիքն արդեն դարձել է այդ մշակույթի կրողը. հետագայում նրա կինը, որպես աջակցող անձ, ներկա է եղել նաև եղբոր կնոջ երկու ծննդաբերություններին։
«Ծննդաբերության պահին կանայք խառնվում են՝ անտանելի ցավեր, անհանգստություն։ Մի բան է, երբ կողքից սաստում է օտար մարդը, և բոլորովին այլ բան, երբ կողքին հարազատ մարդն է՝ իր հոգատարությամբ ու հանգստությամբ»,- եզրափակում է Արմեն Բեժանյանը։
Պատմությունը վավերացրել և գրի է առել Գայանե Մկրտչյանը։
Գլխավոր պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով։
Այս պատմությունը հրապարակվել է «Ամփոփ Մեդիայի» «Անվտանգ ծնունդ» նախագծի շրջանակում, որն ուղղված է ծննդօգնության համակարգում բարեվարքության, էթիկայի և մարդակենտրոն մշակույթի ձևավորմանը։ Շարքի մյուս պատմություններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ safebirth.ampop.am։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
